«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ակումբի հայտարարությունը։
«Կիրակի երեկոյան՝ մրցաշրջանի վերջին խաղից հետո, «Միլանը» կարճ արարողությամբ հրաժեշտ կտա Իբրահիմովիչին։
Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Զլատանին միասին անցկացրած հիանալի տարիների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին: 2020 թվականին նա վերադարձավ ակումբ։
Միլանի կազմում 41-ամյա շվեդը երկու անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում, ինչպես նաև դարձել է երկրի Սուպերգավաթակիր։
Ընդհանուր առմամբ, Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրել է 163 հանդիպում, որոնցում խփել է 93 գոլ և կատարել 35 գոլային փոխանցում։
Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 4 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Ա Սերիայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի խաղում «Միլանը» կխաղա «Վերոնայի» հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 4-ին։