Մարկո Մատերացցի. «Իտալացիները, փոխարենը ոտքիս տակի հողը պաչեին, ինձ բզկտում էին»

Իտալիայի հավաքականի և «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացցին խոսել է Աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակիչի մասին: Ֆրանսիայի հետ խաղի ժամանակ Մատերացցին հրահրեց Զիդանին, վերջինս էլ գլխով հարվածեց Մատերացցիի կրծքավանդակին և հեռացվեց խաղից: Իտալիան հաղթեց մրցաշարում (1:1, 5:3՝ 11 մետրանոց հարվածաշարով), իսկ հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացել էր հենց Մատերացցին:

«Ֆրանսիացիները պաշտպանում էին Զիդանին, իսկ ինձ բզկտում էին իմ իսկ հայրենակիցները: Ես նրանց իսկական իտալացիներ չեմ համարում: Ես հայրենասեր եմ և միշտ եմ պաշտպանելու Իտալիայի գույները: Նրանց քննադատություններն Աշխարհի առաջնության ավարտից հետո ինձ ամենից շատն էին ցավեցնում: Մինչդեռ այս մարդիկ պետք է պաչեին իմ ոտքի տակի հողը եզրափակիչի գոլից հետո», – հայտարարել է Մատերացցին ինստագրամի ուղիղ եթերում: