Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության «Խետաֆեի» դեմ կայանալիք խաղում հանգստանալու հնարավորություն է տալու թիմի մի շարք ֆուտբոլիստների։
«Ես ցանկանում եմ պահել հոգնած ֆուտբոլիստներին, բայց նրանք, ովքեր առողջ են, դուրս կգան խաղադաշտ։ Երեքշաբթի որոշ ֆուտբոլիստներ թեթև վնասվածքներ ստացան և դեռ չեն ապաքինվել, օրինակ՝ Կարիմ Բենզեման, Դավիդ Ալաբան և Ռոդրիգոն:
Դեռ չգիտեմ, թե ովքեր կխաղան «Խետաֆեի» դեմ, չեմ պատրաստվում ռիսկի ենթարկել, քանի որ մենք թարմ ֆուտբոլիստներ ունենք»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է AS-ը:
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» մայիսի 17-ին կանցկացնի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» դեմ, և մարզիչը ցանկանում է համոզվել, որ ֆուտբոլիստները առողջ են և հանգստացած այդ կարևոր խաղի համար: