Իտալական «Միլանի» նախկին տնօրեն Պաոլո Տավեջիան վերհիշել է 1988/89 մրցաշրջանում Չեմպիոնների գավաթի խաղարկությունում իտալական ակումբի հաղթանակը «Ռեալի» նկատմամբ (5:0):
«Այդքան հաղթանակներ ենք ունեցել, բայց այս մեկից շատ մեծ հաճույք եմ ստացել: Խոսքս «Ռեալի» նկատմամբ հաղթանակն էր՝ 5:0 հաշվով: Այդ խաղի նախորդ օրը մեր դարպասապահ Ջովաննի Գալլին ինձ ասաց, որ Մադրիդում՝ առաջին խաղի ժամանակ (1:1), Ուգո Սանչեսն ամեն անգամ գնդակը խաղի մեջ մտցնելու պահին թքել է իր վրա:
Պատասխան խաղից առաջ ես մոտեցա հանդիպման գլխավոր մրցավարին և մինչ խաղի մեկնարկը նրան պատմեցի Սանչեսի արարքի մասին: Խնդրեցի, որ նա հետևի Սանչեսի վարքին: Իր առաջին իսկ լկտի պահվածքի համար Սանչեսը դեղին քարտ ստացավ:
«Ռեալը», 0:5 հաշվով ստորացուցիչ պարտությունից հետո, հիստերիայի մեջ էր:
Խաղից հետո Բերնդ Շուստերը մոտեցավ ինձ ու հայտարարեց. «Դուք կաշառել եք մրցավարին»: Ես էլ նրան պատասխանեցի. «Եթե այդպես լիներ, Ձեզ ավելի խոշոր հաշվով կհաղթեինք: Մեզ մի´ շփոթիր Ձեր տնօրենների հետ, որ շատ անգամ են կաշառել մրցավարներին»: Դա ասացի ու հեռացա», – պատմել է Պաոլո Տավեջիան: