«Չելսին» առաջատար է «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիին ձեռք բերելու համար պայքարում, հայտնում է Cope-ը:
Աղբյուրի համաձայն, վրացի ֆուտբոլիստը գրավել է Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբների, այդ թվում՝ «Թոթենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը։
Սակայն «կապույտները» արդեն հանդիպել են Մամարդաշվիլիի ներկայացուցիչների հետ Լոնդոնում՝ քննարկելու 22-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական ակումբը ծրագրում է դարպասապահի վաճառքից վաստակել առնվազն 25 մլն եվրո։
Մամարդաշվիլին անցյալ տարվա նոյեմբերին նոր պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ մինչև 2027 թվականի հունիսը, որը ներառում է 100 միլիոն եվրո հրաժարագին:
Այս մրցաշրջանում դարպասապահը «չղջիկների» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, բաց է թողել 36 գնդակ և 7 խաղում անառիկ է պահել դարպասը։