«Չելսին» լրջորեն դիտարկում է Ֆրենկ Լեմպարդի թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնում մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։
Այս պահին լոնդոնյան ակումբի ղեկավարները պատրաստվում են բանակցությունների իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեի հետ։ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն այսօր՝ ապրիլի 5-ին, մեկնել է Լոնդոն։ Էնրիկեն Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ միասին Գրեհեմ Փոթերի մշտական իրավահաջորդի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկն է։
«Չելսին» որոշել է հնարավորինս շուտ ավարտել նոր գլխավոր մարզչի որոնումները։ Այնուամենայնիվ, այս գործընթացը կարող է հետաձգվել, քանի որ ակումբի տեխնիկական տնօրեն Լոուրենս Ստյուարտը և մարզական տնօրեն Փոլ Ուինսթենլին մտադիր են դիտարկել առնվազն յոթ թեկնածուի։