Ռազմիկ Մանսուրյան․ «Տղերք, աշխատեք լավ խաղալ, հաղթել, որ մենք մեզ հաղթանակած զգանք»

PROFFOOTBALL-ը զրուցել է սիրված երգիչ և դերասան Ռազմիկ Մանսուրյանի հետ։

Պարոն Մանսուրյան, Դուք և՛ երգիչ եք, և՛ դերասան եք։ Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք այս ուղին։
– Նման մասնագիտությունները Աստծուց են գալիս։ Սկզբում այլ մասնագիտություն էի մտածում, որ սպորտսմեն պիտի լինեմ՝ թեթև ատլետ։ Բայց եկավ ժամանակը և ամեն ինչին հաղթեց իմ ձայնը։ Դարձա երգիչ։ Սկզբում ջութակ էի նվագում։ 4 տարի մնացի առաջին դասարան ու հանեցին։ Դրանից հետո եկավ ձայնս։ 15 տարեկանում ընդունվեցի Մանկավարժական ուսումնարան։ 18 տարեկան պետք է ընդունեին, բայց բացառության կարգով ինձ ընդունեցին։ 19 տարեկանում ընդունվեցի կոնսերվատորիա՝ որպես բարիտոն։ 4 տարի անց սկսեցի աշխատել օպերային թատրոնում։ Այնուհետև ինձ հրավիրեցին նկարահանվելու «Երջանկության մեխանիկա» ֆիլմում։ Իմ առաջին մասնագիտությունը երգիչն է, երկրորդը՝ դերասանությունը։ 

Հետևո՞ւմ եք հայկական կինոշուկային, երգերին։ Ինչպե՞ս կգնահատեք։
– Կգնահատեմ վատ։ Կինոն սուտ արվեստ է, բայց հիմա ավելի սուտ բաներ են նկարում։ Բայց այսօրվա նկարահանածներից մեկ կամ երկու ֆիլմ կարող եմ գնահատել։ Իսկ երգարվեստի մասին կարող եմ ասել, որ քիչ են մնացել ճիշտ երգիչներ։ Երգը բարդ արվեստ է։ Երգի բառերը պիտի ասելիք ունենան, առանց դրա անհնար է։ 

Երգ, դերասանություն։ Ֆուտբոլ սիրո՞ւմ եք
– Ֆուտբոլ սիրում եմ 10 տարեկանից՝ ի շնորհիվ հորս, ով Իրանում ֆուտբոլիստ է եղել։ Հետո սկսեցի ավելի խորանալ սպորտի մեջ ու ընկերներ ձեռք բերեցի։ 17-18 տարեկանում արդեն ընկերություն էի անում «Արարատի» ֆուտբոլիստների հետ։ Այդ թիմի ֆուտբոլիստները եղել են հոգեհարազատ ինձ՝ Խորեն Հովհաննիսյանը, Համլետ Մխիթարյանը։ Ֆուտբոլը գեղարվեստ է, ոչ թե պետք է միայն վազես, այլ այն արվեստ է։ 

– Վաղը Հայաստան – Թուրքիա հանդիպումն է։ Ի՞նչ է Ձեզ համար այս մրցավեճը ու ի՞նչ ոգևորիչ խոսքեր կուզեք ասել Հայաստանի հավաքականին։
– Ես ոգևորիչ մի կարճ բան կասեմ․ Ձեզ տեսնեմ, տղերք ջան։ Ուզում եմ ասել նաև, որ ֆուտբոլը չպետք է խառնել քաղաքականության հետ, բայց ցանկալի կլինի, որ մեր դրոշը ավելի բարձր լինի, քան Թուրքիայինը։ Ֆուտբոլը արվեստագետի նման բան է, նրանով ճանաչում են ազգի։ Որքան հաճելի է, երբ մեր ըմբշամարտիկները հաղթում են թուրքերի։ Մենք հպարտ ենք քայլում։ Նույնն էլ ֆուտբոլն է։ Օրինակ, Յուրի Վարդանյանով ճանաչել են մեր ազգը, ով իմ լավ ընկերն էր։ Կարևորը խաղաղություն լինի։ Ես իմ երկիրը շատ եմ սիրում, որը արտացոլվում է իմ երգերի մեջ։ Տղերք, աշխատեք լավ խաղալ, հաղթել, որ մենք էլ մեզ հաղթանակած զգանք։