PROFFOOTBALL-ը զրուցել է Բրազիլիայում բնակվող հայտնի հայ ռադիոհաղորդավար Սարգիս Կարամեկյանի հետ։
– Պարոն Կարամեկյան, Դուք ապրում եք հազարավոր կիլոմետրեր հեռու հայրենիքից։ Հե՞շտ է այդքան հեռու ապրելը, Հայաստանը կարոտու՞մ եք։
– Մենք միշտ կարոտում ենք մեր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը։ Ես լիազորություն ունեմ և Արցախը ներկայացնում եմ Բրազիլիայում։ Կարոտը միշտ կա։
– Բրազիլիայում Դուք հայտնի ռադիոհաղորդավար եք։ Ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց այս մասնագիտությունը։
– Այս հաղորդումն արդեն 20 տարի է, ինչ հաղորդում ենք։ Մենք ունենք մշակույթ, որի մասին պետք է խոսել ու տարածել Բրազիլիայում։ Փորձում ենք նաև Արցախի որբ երեխաներին օգնել։ Ահա այսպես որոշեցինք հայկական ռադիոժամ վարել, որպեսզի ավելի մեծ ու լայն տարածենք հայի անունը, պատմությունը, երգերը և այլն։
– Բրազիլիայում ով ծնվում է, գնդակը ձեռքին է ծնվում։ Կարճ ասած՝ ֆուտբոլային երկիր է։ Բրազիլացիներն ավելի շատ ապրում են ֆուտբոլ խաղալու համար։ Ի՞նչ անել, որ Հայաստանում էլ այդպես լինի։
– Իմ կարծիքով ֆուտբոլի կենտրոնը Բրազիլիան է։ Ես միշտ ասել եմ, որ պետք է բրազիլացի ֆուտբոլիստներին կարողանալ բերել Հայաստան։ Ես ունեցել եմ նման մի փորձ։ Մենք ունենք պրոֆեսիոնալ «Հայ ֆիդայիներ» ֆուտզալի ակումբը, որի ֆուտբոլիստներից մեկը համալրեց Հայաստանի ֆուտզալի հավաքականը։ Նաև գումար է պետք։ Եթե ուզում ես շենք կառուցել, գումար է պետք։ Նույնն էլ բարձր որակով ֆուտբոլն է։ Տեսեք՝ Թուրքիան որքան ներդրում է անում ֆուտբոլում, անգամ Ադրբեջանն է մեծ ներդրումներ անում։ Մենք էլ նույնը պետք է անենք։
– Առջևում Հայաստան – Թուրքիա հանդիպումն է։ Յուրաքանչյուրի համար այս խաղն այլ նշանակություն ունի։ Ի՞նչ է Ձեզ համար այս հանդիպումը։
– Սպորտը խաղաղության ճամփան է, լավ հարաբերության ճամփան է, սակայն մի բայց կա։ Ֆուտբոլը չի կարող խառնվել քաղաքականության մեջ։ Վստահ եմ, որ մեր ֆուտբոլիստները մեծ կամքով կխաղան։ Պիտի փորձեն՝ նաև հաղթել խաղում։ Սա խաղ է, որին հետևելու է ամբողջ աշխարհը։ Մենք չենք կարող մոռանալ մեր պատմությունը, ժխտել դա։
– Մեր ֆուտբոլիստները տրամադրված են հաղթելու, սակայն նրանց միշտ պետք են աջակցող խոսքեր։ Ի՞նչ ոգևորիչ խոսքեր կուզեք ասել նրանց։
– Մեր ֆուտբոլիստները պետք է մտնեն դաշտ ու կռվեն, պետք է կյանք չխնայեն այս խաղում։ Պետք է ամեն ինչ անեն, որ հետո հիշեն այս հանդիպումը, որ մենք հաղթեցինք, որ բարձր պահեցինք Հայաստանի անունը։ Բոլորին առողջություն ու հաջողություն եմ մաղթում։