«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին մերժել է պայմանագիրը երկարաձգելու փարիզեցիների առաջին առաջարկը, հայտնում է իսպանական La Vanguardia պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2022 թվականի աշխարհի առաջնությունից առաջ կողմերը պայմանավորվել են նոր համաձայնագրի շուրջ։ Սակայն այժմ ֆուտբոլիստին չի բավարարում առաջարկվող աշխատավարձը։
ՊՍԺ-ն արգենտինացուն ավելի ցածր աշխատավարձ է առաջարկում՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին դեռ ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում և չի դիտարկի ՄԼՍ-ի և Սաուդյան Արաբիայի առաջարկները։
Այս մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։