Էրիկ տեն Հագը բարձր է գնահատել «Բարսելոնայի» խաղի որակը.
Մինչ Եվրոպայի լիգայում «Մանչեսթեր Յունայթեդին» հանդիպելը, կատալոնական ակումբը բոլոր մրցաշարերում 15 հանդիպում անընդմեջ անպարտելի է և 8 միավորով գլխավորում է Լա Լիգան։
«Ակնհայտ է, որ «Բարսելոնայի» վիճակագրությունը տպավորիչ է: Նրանք լավ են պաշտպանվում, բայց, իմ կարծիքով, նրանց հիմնական հաղթաթուղթը գնդակին շատ երկար տիրելն է։ Երբ գնդակը քեզ հետ է, հակառակորդը չի կարող գոլ խփել:
Այժմ «Բարսելոնան» ցուցադրում է վերջին մի քանի տարիների լավագույն ֆուտբոլը։ Երևում է, որ թիմը ոգեշնչված է Յոհան Կրոյֆով։ Հիանալի է խաղալ «Բարսայի» դեմ: Ինձ դուր է գալիս այս ակումբի փիլիսոփայությունը։ Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են դաստիարակել, շատ լավ թիմեր են ունեցել։ Մենք անհամբեր սպասում ենք նրանց դեմ խաղալուն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը:
Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» «Կամպ Նոու» ստադիոնում կմրցի «Բարսելոնայի» դեմ: