«Չելսիի» և ՊՍԺ-ի ղեկավարները Փարիզում քննարկել են Նեյմարի հնարավոր տեղափոխությունը։ «Կապույտների» համասեփականատեր Թոդ Բոուլին և «Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին երեքշաբթի օրը հանդիպել են Փարիզում, հայտնում է Le Parisien-ը:
Հանդիպման թեմաներից մեկը Նեյմարի՝ «Չելսի» տեղափոխվելու հավանականությունն էր։ «Չելսին» անցած ամառվանից հետևում է բրազիլացի հարձակվողի խաղին։ Թոմաս Տուխելը, որն այն ժամանակ գլխավորում էր լոնդոնյան ակումբը, ցանկանում էր թիմ բերել Նեյմարին, ում մարզել էր ՊՍԺ-ում 2018-ից 2020 թվականներին:
Նշվում է, որ 60 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը խնդիր չի լինի «Չելսիի» համար:
«Չելսին» նաև ուշադիր հետևում է Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին: Էնրիկեի նշանակումը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է լրացուցիչ առավելություն լինել Նեյմարի համար պայքարում: Իսպանացի մասնագետի ղեկավարությամբ Նեյմարը 2015 թվականին «Բարսելոնայի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիները ցանկանում են ամռանը վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին։
Այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։