ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Թուրինի «Յուվենտուսին»

ՈւԵՖԱ-ն կարող է Թուրինի «Յուվենտուսին» հեռացնել եվրագավաթներից առաջիկա մրցաշրջաններում, եթե ֆինանսական զեղծարարությունների մեղադրանքը հաստատվի, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Օրեր առաջ Իտալիայի վերաքննիչ դատարանը որոշել էր թուրինյան ակումբից 15 միավոր հանել Ա Սերիայում: 18-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 22 միավորով 10-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» նախկին ղեկավարությունը մեղադրվում է հաշվապահական հնարքների միջոցով 4 քրեական հոդված խախտելու մեջ: Ամենալուրջ խախտումների համար նախատեսված է մինչև 8 տարի ազատազրկում:

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ «Յուվենտուսը» գաղտնի վճարել էր թիմի ֆուտբոլիստների ամբողջական աշխատավարձերը, սակայն հայտարարել էր, որ ֆուտբոլիստները ժամանակավոր հրաժարվել են գումարի մի մասից: Վերջերս ակումբի ղեկավարությունը հրաժարական էր տվել ամբողջ կազմով։