Կատալոնական «Բարսելոնան» չի կարողացել կրճատել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու որակազրկումը։ Ինչպես հայտնում է Cope-ը, ակումբի բողոքը լեհ ռմբարկուի երեքխաղյա որակազրկման դեմ մերժվել է սպորտային վարչական դատարանի կողմից:
Հիշեցնենք, որ Լևանդովսկին հեռացվել էր Իսպանիայի առաջնության «Օսասունայի» դեմ խաղում (2:1) ոչ մարզական պահվածքի համար։ Լեհ հարձակվողը խաղադաշտից հեռանալով վիրավորական ժեստ է ցույց տվել մրցավարի նկատմամբ։ Այս առումով նա բաց կթողնի Լա Լիգայի հաջորդ խաղերը «Էսպանյոլի», «Ատլետիկոյի» և «Բետիսի» դեմ:
Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։