«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ամփոփել է տարին

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում ամփոփել է ավարտվին մոտեցող տարին` խոսելով տարբեր թեմաների շուրջ:

Ամենակարևոր  իրադարձությունը «Փյունիկի» համար և 2022 թվականի ամփոփումը

«Անցնող տարում մենք նշեցինք ակումբի 30-ամյակը, որը դեռևս ամենահաջողն է մեր պատմության մեջ։ Մենք կարողացանք համառ պայքարում նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները՝ տոնելով ևս մեկ հոբելյան՝ Հայաստանի առաջնությունների 30-ամյա պատմության 15-րդ չեմպիոնությունը: Սա, անշուշտ, ամբողջ ակումբի արժանիքն է, որն այս տարի բոլոր բնագավառներում գերազանց արդյունքներ ցույց տվեց, և մեր ակումբը նոր` ավելի բարձր մակարդակի դուրս եկավ։ Մարզչական շտաբն ու հիմնական թիմը կամք ցույց տվեցին` առաջնության գարնանային հատվածում մնալով անպարտելի: Նույն տրամադրվածությամբ ու բնավորությամբ մեր տղաները հանդես եկան եվրագավաթային մրցաշարերում, ինչը թույլ տվեց պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ Ուրախ եմ, որ կարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին և նրանց աջակցությամբ հասանք պատմական հաղթանակների, որոնք հավերժ կմնան մեր պատմության մեջ։ Այս տարվա աշնանը մենք ներկայացրինք մեր ակումբի արժեքներն ու փիլիսոփայությունը, որը մտադիր ենք արմատավորել ակումբում առաջիկա տարիներին»։

«Փյունիկի» երիտասարդական թիմի մասին

«Ինձ առանձնահատուկ ուրախացնում են մեր երիտասարդական թիմերը։ Բոլոր տարիքային խմբերում մենք տեսնում ենք առաջընթաց ու աճ։ Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաները մասնակցեցին պատանեկան Չեմպիոնների լիգային և բազմաթիվ միջազգային մրցաշարերի: Այս ամենը վստահություն է ներշնչում, որ Հայաստանում ֆուտբոլն իսկապես զարգացման մեծ ներուժ ունի։ Բայց դրա համար, նախևառաջ, պետք է որոշ լուրջ խնդիրներ լուծել, որոնց մենք բախվեցինք այս տարի»։

ՀՖՖ-ի եռամյա աշխատանքը` Գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությանն ընդառաջ

«Վերջին 3 տարում Հայաստանի առաջնությունը լքել է չորս մարզային թիմ: Բոլորին է հայտնի, որ նրանք հեռացել են ՀՖՖ ղեկավարության հետ աշխատանքից դժգոհ լինելու պատճառով: Ընդ որում` «Լոռի ՖԱ»-ն և «Սևան ՖԱ»-ն այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ են արել։ «Սևան» ֆուտբոլային ակումբի պարագայում Ֆեդերացիայի ղեկավարությունը ոչ միայն գիտակցաբար ոչնչացրեց ակումբը, այլև արգելեց ակումբի սեփականատեր Տիգրան Հակոբյանին զբաղվել հայկական ֆուտբոլի զարգացմամբ՝ երեք տարի ժամկետով: Իմ կարծիքով դա ոչ միայն անօրինական է և հակասում է հաստատված կանոնակարգին, այլև աբսուրդային է։ Մոտ ժամանակներս այս գործը քննելու է CAS-ը (Միջազգային մարզական արբիտրաժային դատարան-խմբ.): Հույս ունեմ, որ նրանք կչեղարկեն այդ անիմաստ որոշումը և թույլ կտան ակումբին ու ղեկավարությանը վերադառնալ ֆուտբոլ, եթե իհարկե նրանց մոտ դեռ ցանկություն է մնացել ներդրումներ կատարել Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում»։

Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն ու մասսայականացումը

«Ֆեդերացիայի ղեկավարությունն ընդհանրապես մանկապատանեկան ֆուտբոլով չի զբաղվում։ Մենք մի քանի անգամ առաջարկել ենք համատեղ շարժվել այդ ուղղությամբ: ՀՖՖ-ն ամեն տարի ստանում է նպատակային գումարներ, որոնք հատկացվում են խաղադաշտերի կառուցման համար։ Մենք առաջարկում էինք դա անել այն մարզերում, որտեղ շատ երեխաներ կան, բայց ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն չկա: Ընդ որում` մենք պատրաստակամություն էինք հայտնել մեզ վրա վերցնել հանդերձարանների կառուցումն ու տվյալ վայրերում մանկապատանեկան դպրոցների մասնաճյուղերի ստեղծումը։ Օրինակ` Դիլիջանում մենք վերականգնեցինք քաղաքային մարզադաշտը, կարգի բերեցինք հանդերձարանները, բայց ՀՖՖ-ն երեք տարվա ընթացքում այդպես էլ չկատարեց երեխաների համար արհեստական դաշտ կառուցելու խոստումը։

Մենք ոչ մի կերպ չէինք կարողանում հասկանալ, թե ինչու են այդ մարդիկ այդքան անպատասխանատու վերաբերվում մանկական ֆուտբոլի զարգացման խնդրին և կառուցում դաշտեր այն վայրերում, որտեղ դրա կարիքն առանձնապես չկա, քանի դեռ չայցելեցինք մի քանի այդպիսի դաշտեր։ Այն, ինչ մենք տեսանք տեղում, տվեց մեր բոլոր հարցերի պատասխանները: Դրանք շատ ցածրորակ դաշտեր էին, որոնք կառուցված էին խախտումներով, առանց դրենաժի, բայց դրանց վրա բավական մեծ գումարներ էին ծախսվել: Մենք հասկացանք, որ նրանց չի հետաքրքրում մանկական ֆուտբոլի զարգացումը, նրանց հետաքրքում է միայն ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից տրամադրված նպատակային փողերի յուրացումը: Նման մի դաշտ կա Բերդավանում ՝ «Փյունիկի» ակադեմիայի մասնաճյուղից ոչ հեռու, բայց մեր երեխաները նախընտրում են ավելի շատ խաղալ մերկ հողի վրա, քան այդ դաշտերում, քանի որ դա իսկապես շատ տրավմատիկ է։ Նույնը կարելի է ասել Վայքի դաշտի մասին, որտեղ խաղում են Բարձրագույն խմբի թիմերը։ Նման խաղադաշտերն ավելի շատ վնասում են ֆուտբոլին, քան նպաստում դրա զարգացմանը։

Առանձին ցանկանում եմ անդրադառնալ նաև Հայաստանի մանկապատանեկան հավաքականներին, մասնավորապես,  նախապատրաստվելու, մարզիչների ընտրության և երեխաների հրավերների հարցին: ՀՖՖ-ում ընտրությունները տեղի է ունենում հիմնականում ծանոթ-բարեկամ սկզբունքով, այլ ոչ թե պրոֆեսիոնալ սկզբունքով: Օրինակ` վերջերս մանկապատանեկան հավաքականներից մեկի գլխավոր մարզիչ նշանակվեց մեկը, ով նոր էր վերադարձել մրցաշարից, որտեղ ավելի մեծ տարիքի երեխաների հետ պարտվել էր բոլոր խաղերը: Բացի դրանից, մենք հաճախ տեսնում ենք, երբ գլխավոր մարզիչը հավաքական է հրավիրում այն երեխաներին, ովքեր քիչ են խաղում իրենց ակումբներում, այդ թվում` մեր ակումբում, բայց քանի որ մտերիմ կապեր ունեն նրանց ծնողների հետ, հենց նրանք են ընդգրկվում, իսկ շատ տաղանդավոր տղաներ մնում են ստվերում»:

Մրցավարությունը և VAR համակարգի ներդրումը

«Այս մրցաշրջանում մեր գլխավոր մարզիչը շատ է խոսել մրցավարության մասին։ Կարող ենք միայն փաստել, որ մրցավարների մեծ մասը Հայաստանում շատ վատ են աշխատում։ Նոր մրցաշրջանում մեծ թվով սխալներն արդեն հանգեցրել են մրցաշարային աղյուսակում տեղերի անարդար բաշխմանը։ Այս սխալները դիտավորյալ բնույթ են կրում, թե ոչ, ես չեմ կարող պնդել, քանի որ ապացույցներ չկան, բայց դժվար չէ նկատել, թե ինչպես է մրցավարը փոխում խախտումների արձանագրման մոտեցումները` կախված լուսատախտակի վրայի հաշիվներից, առանց հիմնավորման անարդար կարմիր քարտ է տալիս դաշտի կենտրոնում, սուլում է բոլոր մանր խախտումների ժամանակ՝ փորձելով պահպանել հաշիվը: Մենք արդեն երրորդ տարին է, ինչ սպասում ենք VAR համակարգի մուտքին Հայաստան»:

Ներդրումները հայկական ֆուտբոլում

«Հաճախ եմ մտածում այդ մասին ու շատ լավ եմ հասկանում հայկական ֆուտբոլից հեռացած ակումբների սեփականատերերի զգացողությունները, չէ որ այդ ներդրումներն անվերադարձ են, և մեզ ոչ ոք չի ստիպում դա անել, այդ քայլին մեզ մղում է մեր սերը Հայաստանի և սպորտի հանդեպ։ ՀՖՖ ղեկավարության նման վերաբերմունքից հետո, այս տարի, ես արդեն ժամանակավորապես դադարեցրել եմ մարզերում մասնաճյուղերի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը, քանի որ մանկական ֆուտբոլը հնարավոր չէ միայնակ զարգացնել, ուժեղ մրցակիցներ են պետք, խաղադաշտերն ու հանդերձարանները խիստ պակասում են: Մեր ուժեղ տղաներին, ովքեր հավաքականի կորիզն են իրենց տարիքային խմբերում, ներառում են թույլ խմբերի մեջ, որտեղ նրանք հաղթում են խոշոր հաշիվներով և կորցնում զարգանալու ամբողջ մոտիվացիան։ Երբ այդ ղեկավարները վերջապես հեռանան հայկական ֆուտբոլից, ես անպայման կվերսկսեմ մարզերում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը»:

Թիմի համալրումն ու առաջնության գարնանային հատվածի ծրագրերը

«Անցյալ տարեվերջին մենք նման իրավիճակ ունեցանք և կարողացանք ապացուցել, որ «Փյունիկ ՖԱ»-ն ուժեղ ակումբ է, որն ունի բնավորություն: Ցանկացած, հատկապես լուրջ խնդիր, մենք ընդունում ենք որպես մարտահրավեր և հնարավորություն՝ դառնալ էլ ավելի ուժեղ: Իհարկե, մենք պետք է համալրենք թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հատկապես հարձակման գիծը: Մեր ծրագրերը նույնն են՝ առաջնության եզրափակիչ հատվածում պայքարել Հայաստանի չեմպիոնության և գավաթի համար։ Հեշտ խնդիր չէ, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք ուրախացնել մեր երկրպագուներին առաջնության վերջնահատվածում»: