Խավիեր Տեբասը հանդես է եկել կոչով

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կոչ է անում խուճապի չմատնվել Չեմպիոնների Լիգայում գրանցած արդյունքների պատճառով։

Հիշեցնենք, որ խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ Լա Լիգայի միանգամից երեք ներկայացուցիչներ՝ «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը» և «Սևիլիան», կորցրեցին 1/8 եզրափակիչ դուրս գալու իրենց հնարավորությունները։ Եվրոպական ամենահեղինակավոր գավաթի փլեյ-օֆֆում Իսպանիան կներկայացնի միայն մրցաշարի գործող չեմպիոն՝ Մադրիդի «Ռեալը»։

«Վեց ամիս առաջ մենք երկու ներկայացուցիչ ունեինք Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում, և վեց ամսում մենք ակնհայտորեն չկարողացանք բարձրագույն լիգայից թույլ լիգա անցնել։

Այո, կա հիասթափություն, դա ակնհայտ է։ Բայց պետք է ավելի խորը գնահատել իրավիճակը։ 21-րդ դարում մեր ակումբները շատ ավելի շատ գավաթներ են նվաճել, քան այլ առաջնությունների ակումբները»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Marca-ն: