Միջազգային Օլիմպիական Կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը՝ ընդունելով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի առաջարկը, համաձայնվեց Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղեր 2020-ը տեղափոխել հաջորդ տարի՝ 2021 թվական: Կողմերն այսօր հեռախոսազանգ են ունեցել, որի ժամանակ էլ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշվեց հետաձգել Օլիմպիական խաղերը:
«Պարոն Բախին այսօր առաջարկեցի հետաձգել Օլիմպիական խաղերը մեկ տարով, ինչի հետ նա 100%-ով համաձայնվեց ինձ հետ», – ասել է Սինձո Աբեն
Հիշեցնենք, որ 32-րդ Օլիմպիական խաղերը պետք է կայանային Տոկիոյում՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում:
Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին մասնակցելու էին 16 երկրներ, որոնցից 14-ն արդեն հայտնի էին. Ճապոնիա (կազմակերպիչ-երկիր), Բրազիլիա, Արգենտինա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ռումինիա, Եգիպտոս, Կոտ Դ’Իվուար, ՀԱՀ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Սաուդյան Արաբիա և Հվ. Կորեա:
Մնացել էր պարզել ԿՈՆԿԱԿԱՖ-ից վերջին երկու մասնակիցներին, որոնք պետք է հայտնի դառնային այս օրերին: