Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի՝ «Ալաշկերտի» դեմ խաղում (1:1) իր նորամուտն «Ուրարտուի» կազմում նշեց կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն, որը նաև աչքի ընկավ խփած գոլով։ Ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է խփած գոլից էմոցիաների, թիմում տիրող մթնոլորտի ու մարզավիճակի մասին։
Խաղի մասին
«Իմ առաջին հանդիպումն էր «Ուրարտուի» ֆուտբոլիստի կարգավիճակում, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես դրական զգացողություններ ունեմ։ Կարծում եմ, որ հանդիպման վերջում պետք էր ավելի մեծ ճնշում գործադրել մրցակցի վրա ու հաղթել։ Պետք է ավելացնենք յուրաքանչյուր խաղում, որպեսզի ավելի լավը դարձնենք: Լավ խաղ էր, լավ տեմպով։ Անհրաժեշտ է աշխատել եզրափակումների վրա, և ամեն ինչ կստացվի»:
Խփած գոլի մասին
«Բացեցի նաև գոլերիս հաշիվը, կրկնակի ուրախ եմ, որ ինձ հաջողվեց դա անել հենց նորամուտիս խաղում, բայց, ափսոս, որ արդյունքը հաղթական չեղավ։ Էմոցիաներս շատ են։ Գոլս նշանակում է, որ ինձ հենց այնպես չեն վստահել ու չեն ցանկացել տեսնել թիմում, կարդարացնեմ բոլոր սպասելիքները և հնարավորինս շատ կօգնեմ թիմին հասնելու բարձր նպատակներին»։
Թիմում մթնոլորտի և իր մարզավիճակի մասին
«Ինձ շատ ջերմ ընդունեցին, տղաներից շատերին հեռակա էի ճանաչում, ոմանց ավելի լավ գիտեմ։ Սա մեծ ընտանիք է, ես շատ ուրախ եմ դրա համար։ Դեռ 100%-ով պատրաստ չեմ, բայց հուսով եմ, որ շուտով լավագույն մարզավիճակիս կհասնեմ»: