Դել Պիեռոն՝ 17-ամյա Մեսսիի դեմ խաղի մասին. «Փորձեցի տապալել նրան, բայց չհաջողվեց»

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիեռոն կիսվել է 17-ամյա Լիոնել Մեսսիի դեմ խաղից հիշողություններով։

Թուրինյան ակումբի լեգենդն արգենտինացու հետ խաղադաշտում հանդիպել է միայն մեկ անգամ՝ 2005 թվականին «Յուվենտուս» – «Բարսելոնա» մինչմրցաշրջանային հանդիպմանը։

«Ես լավ եմ հիշում այդ ժամանակը, մարդիկ արդեն խոսում էին Լիոնելի մասին, ուստի դա առաջին և միակ անգամն էր, որ ես հնարավորություն ունեցա խաղալ նրա դեմ, և դա զվարճալի էր:

Ամբողջ ընթացքում նա շատ լավ խաղաց։ Ես ու իմ թիմակիցները քննարկել էինք նրա խաղը, նա անհավանական էր: Ես նույնիսկ փորձեցի հարվածել նրան, որպեսզի տապալեմ, բայց չստացվեց»,- ESPN-ին ասել է Դել Պիեռոն: