«Մանչեսթեր Յունայթեդը» հստակ դիրքորոշում ունի Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է լսել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ մանկունիական ակումբը ցանկանում է, որ 37-ամյա պորտուգալացին արագ որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։

Նշվում է, որ հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշը մի քանի շաբաթ շարունակ շփվել է տարբեր ակումբների ներկայացուցիչների հետ:

Բանակցություններ են վարվել «Չելսիի», «Բավարիայի», «Բարսելոնայի» և «Նապոլիի» ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։