Դանիական ակումբը չի երկարաձգել Ջեք Ուիլշերի հետ պայմանագիրը

«Օրհուսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը կիսապաշտպան Ջեք Ուիլշերի հետ։ 30-ամյա անգլիացին դարձել է ազատ գործակալ։

«Մենք բոլորս ուզում ենք շնորհակալություն հայտնել Ջեքին ակումբում անցկացրած ժամանակի համար: Հաճելի էր աշխատել նրա հետ և սովորել, թե ինչպես է նա կիսվում իր փորձով: Իր ինքնավստահ անհատականությամբ նա մեծ տպավորություն թողեց ակումբում բոլորի վրա: Ուիլշերը դարձել է մեր ակումբի ընկերը, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք ապագայում և հաջողություն նոր մարտահրավերներում, որոնց նա կհանդիպի»,- ասել է ակումբի մարզական տնօրեն Սթիգ Ինգե Բյորնեբայը:

Ուիլշերն իր նորամուտն «Օրհուսում» նշել է 2022 թվականի մարտի 25-ին։ Արդյունքում նա անցկացրել է 14 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։