«Այաքսը» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային երկու առաջարկները

«Այաքսը» հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդին», որ չի վաճառի եզրային կիսապաշտպան Անտոնիին և պաշտպան Լիսանդրո Մարտինեսին, հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի համաձայն, երկու ֆուտբոլիստներն էլ բանակցել են անգլիական ակումբի հետ Էրիկ տեն Հագի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո: Այնուամենայնիվ, հոլանդական ակումբը փորձում է պահպանել իր կազմը:

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Մարտինեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինացի պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։

2021/22 մրցաշրջանում Անտոնին «Այաքսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: