ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին, որը մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարին, նշել է, որ նրա այցը վկայում է ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի արդյունավետ համագործակցությունը: ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ նկատել է, որ վերջին տարիներին կառավարության ծրագրերով և ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ։ «Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական, սոցիալական, մշակութային մեծ կարևորություն: Կառավարությունն արմատական բարեփոխում է նախաձեռնել առողջ ապրելակերպի ոլորտում և կարևորում է ՖԻՖԱ-ի ու միջազգային մյուս գործընկերների հետ գործակցությունը»,- ընդգծել է վարչապետը:

Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով, հարուստ պատմությամբ ու մշակույթով: Ջանի Ինֆանտինոն ընդգծել է սպորտ-կրթություն կապի նշանակությունը և շեշտել, որ ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման հարցերում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի շուրջ: Մասնավորապես, անդրադարձել են ազգային մարզադաշտի կառուցմանը։ Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող ազգային մարզադաշտի կառուցումը կառավարության առաջնահերթություններից է. այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում:

ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է նման կարգի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի մարզական հեղինակության տեսանկյունից և նշել, որ ՖԻՖԱ-ն իր գործիքակազմով հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Այս համատեքստում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է մինչև այժմ կատարված աշխատանքները:

Երկուստեք վերահաստատվել է գործընկերության ամրապնդման պատրաստակամությունը, ընդգծվել է ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն, հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կարևոր ներդրումն այդ գործում:

Ջանի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից ՀՀ վարչապետին է նվիրել անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ: