Մաուրիցիո Սարրի. ««Լացիոն» շատ ավելի ուժեղ է դարձել»

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին ամփոփել է Իտալիայի առաջնության 35-րդ տուրի «Սպեցիայի» դեմ հանդիպումը (4:3):

«Կարծում եմ՝ մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք, շատ պահեր ստեղծեցինք, բայց, ցավոք, սխալներ թույլ տվեցինք, որոնք հավասարակշռության մեջ պահեցին խաղը: Մենք 3 գոլ բաց թողեցինք, բայց ոչ մի անգամ չկորցրեցինք կազմակերպվածությունը: Նման սխալներ թույլ տալու դեպքում դժվար է դառնում ավելի բարձր մակարդակի հակառակորդների դեմ խաղում ցանկալի արդյունքի հասնելը: Անկեղծ ասած, ես կնախընտրեի ավելի քիչ գոլեր բաց թողնել։

Կարծում եմ, որ այս մրցաշրջանն ավելի բարդ էր, քան նախորդը, քանի որ մրցաշարային աղյուսակի միջնամասի թիմերը բարելավվել են: Ղեկավարության հետ չենք քննարկել հաջորդ մրցաշրջանում աշխատանքը։ Մենք շատ խնդիրներ ունեինք, և ես հույս ունեի, որ դրանք ավելի արագ կլուծենք, բայց հիմա թիմն ակնհայտորեն ավելի ուժեղ է դարձել»,- Սարրիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։