Կառլո Անչելոտտին՝ «Նապոլիից» հեռանալու մասին. «Դե Լաուրենտիսն այլևս հույսեր չէր կապում ինձ հետ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Նապոլիից» հեռանալու մասին, որը նա մարզել է 2018-ից 2019 թվականներին։

«Ես երջանիկ էի «Նապոլիում»: Չեմ կարող վատ բան ասել այն ակումբների մասին, որոնք մեծագույնների շարքում չեն, բայց միևնույն է՝ պայքարում են լավագույն քառյակում տեղի համար։

Ակումբը պետք է լիներ բարձրակարգ թիմերի շարքում։ Մենք լավ կազմ ունեինք, հիանալի առաջին մրցաշրջան անցկացրինք, իսկ երկրորդում մենք շատ լավ հանդես եկանք Չեմպիոնների Լիգայում՝ հաղթելով «Լիվերպուլին» և դուրս գալով 1/8 եզրափակիչ: Հետո դեկտեմբերին մենք տարաձայնություն ունեցանք ղեկավարության հետ մարզչական գործընթացի վերաբերյալ։ Ի վերջո նրանք դժգոհություն հայտնեցին, ու մենք բաժանվեցինք։ Իսկ 3 օր անց ես արդեն «Էվերթոնում» էի։

«Նապոլիի» նախագահ Դե Լաուրենտիսն այլևս հույսեր չէր կապում ինձ հետ: Ճիշտ է՝ առաջնությունում այնքան էլ լավ չխաղացինք, բայց Չեմպիոնների Լիգայում հաջողությունների հասանք։ Այնուամենայնիվ, Ա Սերիան էր հանդիսանում ակումբի նպատակը»,- ասել է իտալացի մասնագետը Movistar-ին տված հարցազրույցում: