Ալեսանդրո Դել Պիեռոն տևական ժամանակ անց ներկա է գտնվել «Յուվենտուսի» հանդիպմանը

«Յուվենտուսի» լեգենդար նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիեռոն 2012 թվականից ի վեր առաջին անգամ այցելել է «Ալյանց Ստեդիում» մարզադաշտ՝ դիտելու Ա Սերիայի 33-րդ տուրի՝ «Յուվենտուս» – «Բոլոնիա» հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի (1:1): Այս մասին հայտնում է Footbal Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին:

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը թուրինյան ակումբի մարզադաշտ չէր այցելել 2012 թվականին թիմից հեռանալուց ի վեր: Չնայած «բյանկոներիների» նկատմամբ հավատարմությանը՝ այնժամ Դել Պիեռոն չկարողացավ երկարաձգել պայմանագիրն իտալական գրանդի հետ:

Ալեսանդրո Դել Պիեռոն «Յուվենտուսում» հանդես է եկել 1993-ից 2012 թվականներին և մինչ օրս հանդիսանում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ խփած 289 գոլով: