Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը որոշել է ավարտել միջազգային կարիերան

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն որոշել է ավարտել Իտալիայի հավաքականում կարիերան, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով La Repubblica-ին:

Նշվում է, որ «Սկուադրա աձուրայի» կազմում Արգենտինայի դեմ ընկերական խաղը (հունիսի 1) վերջինը կլինի 32-ամյա ֆուտբոլիստի համար։ Իմոբիլեն նման որոշում է կայացրել ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից (0:1) հետո երկրպագուների քննադատության պատճառով։ Հարձակվողին երկրպագուները մեղադրում էին, որ նա ազգային հավաքականում չի ցուցադրում նույն խաղամակարդակը, ինչ ակումբում:

Իմոբիլեն ազգային թիմում կխաղա միայն Արգենտինայի ընտրանու դեմ հանդիպմանը, եթե գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին հաջողվի նրան համոզել վերջին անգամ կրել ազգային հավաքականի մարզաշապիկը։ Այս պահին «Լացիոյի» ֆուտբոլիստը մտադիր է հրաժարվել հրավերից։