Սերխիո Ռամոսը մտադիր է ևս 5 տարի խաղալ ամենաբարձր մակարդակով

ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկություն է հայտնել ևս մի քանի տարի խաղալ ամենաբարձր մակարդակով։ 36-ամյա ֆուտբոլիստի խոսքերով՝ նա բավականաչափ ֆիզիկական պատրաստվածություն ունի դրա համար։

«Կցանկանայի ամենաբարձր մակարդակով հանդես գալ ևս 4-5 տարի, իսկ հետո այլ փորձ ձեռք բերել: Ես դեռ 2 տարվա պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ և կփորձեմ այն դարձնել 3։ Հետո կտեսնենք։ Ֆիզիկապես դեռևս ամեն ինչ կարգին է։ Կարծում եմ՝ կարող եմ կենտրոնանալ իմ նպատակի վրա»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում լրագրող Ադրիեն Գրենյեն։

Իսպանացին փարիզյան ակումբին միացել է նախորդ ամռանը՝ Մադրիդի «Ռեալից»՝ կնքելով 3 տարվա պայմանագիր: Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։