Յուլիան Նագելսման. «Մենք պետք է պատժենք «Վիլյառեալին» առաջին խաղում չիրացրած պահերի համար»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Վիլյառեալի» դեմ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։ Իսպանիայում թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է մյունխենյան ակումբի պարտությամբ՝ 0։1 հաշվով։

«Մենք չպետք է հնարավորություն տանք «Վիլյառեալին»՝ դրսևորելու համար իրենց որակները։ Անհրաժեշտության դեպքում մենք տակտիկական խախտումներ կկատարենք և կեղտոտ ֆուտբոլ կխաղանք: Մենք պետք է պատժենք նրանց առաջին խաղում իրենց հնարավորությունները չիրացնելու համար։ Բայց պետք չէ շատ խոսել, դա պետք է ցույց տանք խաղադաշտում։

Մենք վատ խաղացինք արտագնա հանդիպմանը, և «Վիլյառեալը» ցուցադրեց իր լավագույն խաղը: Թիմում ոչ բոլորն են այս պահին իրենց լավագույն մարզավիճակում, բայց դա նորմալ է մրցաշրջանի միջնամասում»,- ասել է Նագելսմանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։