Անտոնիո Կասանոն պաշտպանել է Ռոբերտո Մանչինիին

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն պաշտպանել է Ռոբերտո Մանչինիին, ով քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ Իտալիայի հավաքականը կրկին դուրս չեկավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

«Մեր թիմը շատ միջակ էր, և Մանչինին Եվրո-2020-ում հրաշքով այն քարշ տվեց մինչև ամենաբարձր աստիճան՝ ցույց տալով նաև գեղեցիկ ֆուտբոլ: Նրանք, ովքեր խնդրում են Մանչինիին հեռանալ, պետք է ամաչեն։ Ընդհակառակը, մենք պետք է աղոթենք, որպեսզի Մանչինին մնա, քանի որ նա մնում է Իտալիայի փրկիչը»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Bobo TV-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե Մանչինին հեռանա ազգային թիմից, ապա կարող է գլխավորել ՊՍԺ-ն կամ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Իտալիայի հավաքականը 57-ամյա մասնագետի գլխավորությամբ դուրս չեկավ ԱԱ-2022՝ փլեյ-օֆֆի խաղում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն (0:1):