Ժոան Լապորտան հաստատել է Ֆրանկ Կեսյեի տեղափոխությունը «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի կատալոնական ակումբ։

«Մեզ առնվազն 4 տրանսֆեր է անհրաժեշտ, որպեսզի ուժեղացնենք մեր թիմի 3 օղակները՝ պաշտպանությունը, կիսապաշտպանությունը և հարձակումը։ Կեսյեն պայմանագիր է կնքել մեզ հետ, Քրիստենսենը տվել է իր բանավոր համաձայնությունը»,- «կապտանռնագույնների» ղեկավարի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կեսյեն «Բարսելոնայի» հետ մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսից, երբ 25-ամյա իվուարցին ազատ գործակալի կարգավիճակով կմիանա նոր թիմին։