Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան

Ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսյելնին, ով ազգային հավաքականի կազմում Եվրո-2016-ի արծաթե մեդալակիր էր, ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

36-ամյա խաղացողը հունվարին հեռացվել էր «Բորդոյի» կազմից բարձր աշխատավարձի և ակումբի կարծիքով՝ ցածր խաղամակարդակի պատճառով: Այդ ժամանակվանից ի վեր նա ստացել էր ներկայացուցչական պաշտոն:

«Իմանալով, որ ակումբը գտնվում է ծանր իրավիճակում, Լորանն ընդունեց նոր պաշտոն զբաղեցնելու և որպես ֆուտբոլիստ աշխատավարձից հրաժարվելու առաջարկը, ինչը հաստատում է նրա մտահոգությունն ակումբի շահերի համար»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Sudouest պորտալում:

Կոսյելնին իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Արսենալում», որտեղ խաղացել է 2010-ից 2019 թվականներին։ Պաշտպանը նաև 51 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում: