Մարկո Վերատտին հավատում է, որ Իտալիայի հավաքականը կհաղթահարի Հս. Մակեդոնիայի արգելքը

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատտին Հյուսիսային Մակեդոնիայի հետ ԱԱ-2022-ի անցումային խաղից առաջ ասել է, որ «Սկուադրա աձուրային» դժվար հանդիպում է սպասվում:

«Մենք պետք է վստահ լինենք և կենտրոնանանք այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում խաղադաշտում: Սա կարևոր հանդիպում է մի թիմի դեմ, որն արժանի է այստեղ լինելուն։ Մակեդոնիան շատ խորն է պաշտպանվում: Մենք պետք է ուղիներ գտնենք նրանց դժվարության մեջ դնելու համար:

Եվրոպայի առաջնությունը մեզ հավատ ու վստահություն ներշնչեց: Մենք հաղթեցինք մրցաշարում՝ խաղալով ուրախությամբ և եռանդով։ Այսօր էլ մենք խոսում ենք այդ հաղթանակի մասին, և դա մեզ լրացուցիչ ուժ է տալիս։ Վստահ եմ, որ մյուս թիմերը զգուշանում են մեզանից: Մենք ավելի հեռուն գնալու լավ հնարավորություն ունենք»,- Վերատտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իտալիա – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ մարտի 24-ին։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։