Հայաստանի հավաքականին սպասվում են բարդ փորձություններ՝ Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ։
Ինչպե՞ս պետք է պատրաստվել այս խաղերին և ինչպե՞ս կարող է մեր ընտրանին դիմակայել նման ուժեղ մրցակիցների։
Այս հարցերի շուրջ PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ։
– Ինչպիսի՞ խաղային մարտավարություն եք սպասում Հայաստանի հավաքականից Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ։
– Մենք մոտենում ենք այս երկու խաղերին կադրային լուրջ խնդիրներով։ Երկու թիմերն էլ շատ ուժեղ են, բայց կարծում եմ, որ պետք է հակագրոհներով խաղանք։
– Ձեր կարծիքով՝ ո՞րն է լինելու հավաքականի ամենաուժեղ և ամենաթույլ կողմը այս երկու հանդիպումներում։
– Չնայած սխալներին՝ մեր մոտ պաշտպանությունը բարելավվել է։ Կնշեի հարձակման գիծը՝ չնայած նրան, որ վատ ֆուտբոլիստներ չունենք։
– Ո՞ր դիրքերում եք տեսնում ամենամեծ խնդիրները, և ո՞րն է լուծման ուղին։
– Հենակետային դիրքում Իվուի բացակայության հարցում մարզչական շտաբը պետք է լուծում գտնի։ Շատ կուզեի, որ Սպերցյանին ավելի շատ փլեյմեյքեր օգտագործեինք։
– Ձեր ժամանակների հավաքականի և այսօրվա հավաքականի մոտիվացիոն տարբերությունն ինչպե՞ս կգնահատեք։
– Չեմ ցանկանում համեմատել․ ժամանակները փոխվել են, ֆուտբոլը նույնպես։
– Որքա՞ն է այսօր կարևոր հոգեբանական կայունությունը՝ հատկապես Պորտուգալիայի նման ֆավորիտի դեմ խաղալիս։
– Ֆուտբոլում հոգեբանությունը շատ կարևոր է։ Եթե կոլեկտիվը ամուր և միասնական է, ավելի հեշտ կլինի հաջողությունների հասնել։
– Ձեր կարծիքով՝ ի՞նչն է այսօր բացակայում մեր ֆուտբոլում, որպեսզի կայուն բարձր մակարդակ ապահովենք։
– Այսօր մեր ֆուտբոլում բազմաթիվ խնդիրներ կան։ Դա այլ թեմա է, և ժամանակը չի հերիքի, որ խոսեմ այդ ամենի մասին։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ հաջողություն մաղթել Հայաստանի հավաքականին և մեր երիտասարդական հավաքականին առաջիկա խաղերից առաջ։