Կրիշտիանու Ռոնալդուի որդին իր նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ16 հավաքականում

Կրիշտիանու Ռոնալդուի որդին՝ առաջին անգամ Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում

Պորտուգալիայի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին, 15-ամյա Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը, իր առաջին հանդիպումն է անցկացրել երկրի մինչև 16 տարեկանների հավաքականում։

Երիտասարդ կիսապաշտպանը մասնակցել է Թուրքիայում ընթացող «Ֆեդերացիաների գավաթի» խաղին՝ Թուրքիա — Պորտուգալիա (0:2) դիմակայությունում՝ փոխարինման մտնելով 90-րդ րոպեին։ Թեև դաշտում անցկացրած ժամանակը կարճ էր, դա դարձավ Ռոնալդու-կրտսերի պաշտոնական նորամուտը ազգային թիմում։

Ավելի վաղ նա հանդես էր եկել Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքականում, որտեղ չորս ընկերական խաղում երկու գոլի հեղինակ էր դարձել։

Պորտուգալիայի մինչև 16 տարեկանների հավաքականը մրցաշարի ընթացքում դեռ հանդես է գալու Ուելսի և Անգլիայի հասակակիցների դեմ։