Ֆրենկի դե Յոնգ․ «Դա կարելի էր անել առանձին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը արձագանքել է Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալի ժեստին, որը նա արել էր «Էլ Կլասիկոյի» (Լա Լիգա, 10-րդ տուր, 2:1) ավարտից հետո՝ ուղղելով այն Լամին Յամալին։ Խաղից հետո Կարվախալը ձեռքի շարժումով հուշել էր մրցակցին լռել։

«Եթե Կարվախալը ցանկանում էր խոսել Լամինի հետ, դա կարելի էր անել առանձին։ Եթե նա կարծում է, որ Լամինի խոսքերը տեղին չէին, թող պարզապես զանգահարի նրան։ Վերջիվերջո նրանք Իսպանիայի հավաքականի խաղընկերներ են և լավ են ճանաչում միմյանց։ Ինչո՞ւ էր պետք այդ ամենը ցույց տալ դաշտում», — նշել է դե Յոնգը՝ ըստ ESPN-ի։

Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյից» առաջ Լամին Յամալը Ժերար Պիկեի կազմակերպած Իսպանիայի մեդիալիգայի YouTube ալիքի եթերում մեղադրել էր «Ռեալին» խարդախության մեջ։