Ժերոմ Բոատենգը «Բավարիայում» մարզչական պրակտիկա չի անցնի

Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտնել է, որ թիմի նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը չի վերադառնա ակումբ՝ մարզչական պրակտիկայի համար։

«Այս շաբաթ «Բավարիայի» և Ժերոմ Բոատենգի միջև կառուցողական քննարկումների արդյունքում որոշվեց, որ նա պրակտիկա չի անցնի ակումբում։ Ժերոմը սերտորեն կապված է «Բավարիայի» հետ և չի ցանկանում, որ ակումբը վնաս կրի իր շուրջ ծավալվող վիճահարույց քննարկումների պատճառով», — ասված է ակումբի պաշտոնական հայտարարությունում։

Բոատենգն իր Instagram-ի էջում շնորհակալություն է հայտնել ակումբին, գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիին և երկրպագուներին՝ նշելով, որ իր ներկայիս առաջնահերթությունները սեփական նախագծերն ու մարզչական լիցենզիա ստանալն են։

Գերմանիայի չեմպիոնի երկրպագուները վերջին շաբաթներին բողոքի արշավ էին սկսել՝ պահանջելով թույլ չտալ ֆուտբոլիստի վերադարձը։ Դժգոհության պատճառը Բոատենգին 2024 թվականին առաջադրված մեղադրանքն է․ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել նախկին ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելու գործով։ Ֆուտբոլիստը խուսափել է կալանքից՝ վճարելով տուգանք։