Հանս-Դիտեր Ֆլիկ. «Հիմա «Բարսելոնան» ունակ է հաղթել Մադրիդում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում «Օլիմպիակոսի» նկատմամբ տարած 6-1 հաշվով հաղթանակի մասին։

«Ես միշտ դրական եմ մտածում։ Հիմա «Բարսելոնան» ունակ է հաղթել Մադրիդում։ Հնարավոր է՝ մի քանի ֆուտբոլիստներ մինչև շաբաթավերջ կվերադառնան մեկնարկային կազմ։ Սա կարևոր հաղթանակ էր «Օլիմպիակոսի» դեմ, որը մեզ վստահություն կհաղորդի։ Մրցակիցը բարձր ճնշում գործադրեց, բայց Ֆերմինի առաջին գոլը օգնեց մեզ։

Ռեշֆորդն այսօր լավ խաղաց։ Մարկուսը միշտ խաղադաշտում է, և նրա համար հեշտ չէ խաղալ որպես ինն համարի հարձակվող, չնայած նա ստեղծեց հնարավորություններ և վաստակեց 11 մետրանոց հարված։ Կարևոր է նաև, որ նա գոլ խփի։ Ռեշֆորդը տալիս է այն 100 տոկոսը, ինչ ես նրանից սպասում եմ», – Ֆլիկի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Բարսելոնան» ունի 6 միավոր և Չեմպիոնների Լիգայի ընդհանուր մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։ «Օլիմպիակոսը» 1 միավորով 32-րդն է։

Կիրակի, հոկտեմբերի 26-ին, Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Բարսելոնան» կմրցի «Ռեալ Մադրիդի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19։15-ին։