Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

«Բարսելոնայի» փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագան դեռևս հստակ չէ։ Կատալոնական ակումբը կարող է հրաժարվել լեհ ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկելու մտքից և դրա փոխարեն այս ամռանը ձեռք բերել նոր հարձակվողի։ Վերջնական որոշումը, սակայն, կկայացվի ավելի ուշ։

Իսպանական Sport պարբերականի տեղեկություններով՝ լեհ լրագրող Մատեուշ Շվյենցիցկին հայտնել է, որ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»։

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բարձր է գնահատում 37-ամյա հարձակվողի խաղային հատկանիշները։

««Միլանը» ևս հնարավոր տարբերակ է, բայց ես կարծում եմ, որ Լևանդովսկին մեկ մրցաշրջան կանցկացնի «Ատլետիկոյում»։ Նա կարող է հաջող համագործակցել Սորլոթի հետ։ Բացի այդ, «Ատլետիկոն» նախկինում էլ նմանատիպ պայմանագրեր է կնքել Դավիդ Վիլյայի և Լուիս Սուարեսի հետ։ Կան նաև անձնական հարցեր, որոնք պետք է լուծվեն», — ասել է Շվյենցիցկին