«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի դիրքը վտանգված է, հաղորդում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ հոկտեմբերի 18-ին թիմի տեխնիկական տնօրեն Ֆրանսուա Մոդեստոն Միլանում հանդիպել է Ռաֆայելե Պալադինոյի հետ։ Թեև հանդիպման մանրամասները չեն բացահայտվում, ենթադրվում է, որ քննարկվել է համագործակցության հնարավորությունը։
Մոդեստոն դժգոհ է Տուդորի աշխատանքի արդյունքներից և, իրավիճակի վատթարացման դեպքում, պատրաստ է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Պալադինոյին։ Վերջնական որոշումը, սակայն, կընդունի ակումբի գլխավոր տնօրեն Դամյեն Կոմոլին։
Նշվում է, որ Մոդեստոն և Պալադինոն նախկինում միասին աշխատել են «Մոնցայում» և պահպանել են ջերմ հարաբերություններ։
41-ամյա Պալադինոն մայիսին լքել էր «Ֆիորենտինան» և այդ ժամանակից ի վեր գործազուրկ է։ Իսկ Տուդորը «Յուվենտուսը» գլխավորում է այս տարվա մարտից։