Ֆրենկի դե Յոնգ. «Ես միշտ հստակեցրել եմ, որ ուզում եմ մնալ «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել «Բլաուգրանան», չնայած ակումբի դժվարին իրավիճակին։

«Ես միշտ հստակորեն ասել եմ, որ ուզում եմ մնալ «Բարսելոնայում»։ Ես միշտ գոհ եմ եղել թիմից և այստեղ խաղալուց։ Կար մի ժամանակ, երբ ճնշումն ավելի մեծ էր, և երբ ակումբում կային մարդիկ, ովքեր ցանկանում էին վաճառել ինձ՝ գումար վաստակելու համար։ Մի պահ ես հասկացա նրանց։

Ակումբը դժվարին ֆինանսական շրջան էր ապրում, իսկ ես տրանսֆերային ցուցակում ֆուտբոլիստ էի։ Բայց ես հստակորեն ասացի. ուզում էի մնալ «Բարսելոնայում»։

Եվ վստահ էի, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, կխաղամ։ Այդպես է եղել միշտ։ Վերջին հաշվով, եթե դու պայմանագիր ունես և որոշում ես մնալ, մնում ես։ Այնպես որ, ես չէի անհանգստանում», – դե Յոնգի խոսքերն է մեջբերում El Pais-ը։

Հիշեցնենք, որ դե Յոնգի նոր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը կատալոնացիների կազմում անցկացրել է ինը խաղ բոլոր մրցաշարերում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։