«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն աջակցել է Լա Լիգայի խաղը Միացյալ Նահանգներում անցկացնելու դեմ բողոքի ցույցերին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Վիլյառեալ» – «Բարսելոնա» խաղը կկայանա Մայամիում դեկտեմբերի 20-ին։
Ի պատասխան՝ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան բողոքի ցույցեր է կազմակերպել Իսպանիայի առաջնության իններորդ տուրի խաղերի մեկնարկին։ Նման բողոքի ցույց արդեն տեղի է ունեցել «Օվիեդո» – «Էսպանյոլ» խաղի մեկնարկին։
«Իմ կարծիքը մնում է նույնը, ինչ երկու ամիս առաջ էր։ Մենք դեմ ենք այս խաղին և կարծում ենք, որ այն կեղծում է մրցաշարը։ Բողոքի ցույցերը դրական ազդանշան են, քանի որ արտացոլում են բազմաթիվ ակումբների դիրքորոշումը։ Բոլոր ակումբները միասնական են իրենց որոշման մեջ», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։