Ջոն Թերին քննադատել է բրիտանական իշխանությունների որոշումը

«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին քննադատել է բրիտանական իշխանությունների որոշումը, ըստ որի՝ ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ստիպված էր վաճառել լոնդոնյան ակումբը։ Թերիի խոսքով՝ այդ որոշումը եղել է սխալ և անարդար։

«Այն, ինչ տեղի ունեցավ նրա հետ, պարզապես զազրելի է։ Աբրամովիչը հսկայական ներդրում ունեցավ ոչ միայն ֆուտբոլային տեսանկյունից, այլև Լոնդոնի հասարակական կյանքում։ Կարանտինի ժամանակ նա անհավանական քայլեր արեց՝ «Ստեմֆորդ Բրիջը» տրամադրեց բուժքույրերին և բժշկական աշխատողներին, ապաստան ապահովեց մարդկանց համար այդ դժվար օրերին», — նշել է Թերին The Obi One փոդքասթում։

Նրա խոսքերով՝ Աբրամովիչի ղեկավարման տարիներին «Չելսին» նվաճեց բոլոր հնարավոր ակումբային տիտղոսները՝ դառնալով Եվրոպայի և աշխարհի ամենահաջողակ թիմերից մեկը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին բրիտանական կառավարությունը պատժամիջոցներ կիրառեց Աբրամովիչի նկատմամբ՝ ստիպելով նրան վաճառել ակումբը։ Իսկ 2025 թվականի ամռանը «Չելսին» անսպասելիորեն նվաճեց ակումբային աշխարհի առաջնության գավաթը, որը անցկացվեց նոր ձևաչափով։