Լուկա Մոդրիչը կվերադառնա «Ռեալ»

40-ամյա Լուկա Մոդրիչը նոր շունչ է տվել իր կարիերային «Միլանում»՝ ապացուցելով, որ տարիքը նրա համար ընդամենը թիվ է։ Խորվաթ կիսապաշտպանը ոչ միայն շարունակում է ցուցադրել բարձրակարգ խաղ, այլև լրջորեն մտածում է ֆուտբոլային ապագայի մասին։

Սկզբում Մոդրիչը մտադիր էր հրաժեշտ տալ ֆուտբոլին 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, սակայն այժմ ամեն ինչ փոխվել է․ նա իրեն բացառիկ հարմարավետ է զգում «ռոսոներիում» և կարող է երկարաձգել պայմանագիրը ևս մեկ տարով։

Միևնույն ժամանակ, իսպանական Defensa Central-ը հայտնում է, որ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն առաջարկել է Մոդրիչին վերադառնալ «արքայական» ակումբ՝ դեսպանի կամ մարզչի կարգավիճակով։ Ըստ աղբյուրի՝ Լուկան չի բացառել այդ տարբերակը․ նա նախատեսում է կարիերան ավարտելուց հետո մեկ տարով դադար վերցնել՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու, ապա վերադառնալ Մադրիդ և մարզչական ուղին սկսել հենց «Ռեալի» ակադեմիայում։