«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է մի դրվագ, որը ցույց է տալիս Լիոնել Մեսսիի մարդկային կողմը։
«2019 թվականին սրտի նոպայից հետո ինձ տեղափոխեցին հիվանդանոց։ Հաջորդ օրը զանգ ստացա անհայտ համարից։ Պարզվեց՝ դա Մեսսին էր։
Նա ասաց. «Բարև, Իկեր։ Քո համարը չունեի, վերցրի Պիկեից։ Հույս ունեմ՝ շուտով կկազդուրվես։ Ես քեզ ծաղիկներ եմ ուղարկել, հուսով եմ՝ դուր կգան»։
Ես իսկապես զարմացած էի։ Լիոնելը ոչ մի պարտավորություն չուներ դա անել․ մենք երբեք ընկերներ չենք եղել», – պատմել է Կասիլյասը TNT Sports-ին։
Համաձայն Statmuse-ի տվյալների՝ Մեսսին իր կարիերայի ընթացքում Կասիլյասի դարպասը հատել է 12 անգամ՝ 10 գոլ Լա Լիգայում և 2 գոլ՝ Չեմպիոնների լիգայում։
Սակայն ինչպես երևում է, մրցակցությունը դաշտում երբեք չի խանգարել փոխադարձ հարգանքին դրսից։