Բարսելոնայի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը անդրադարձել է իր աշխատավարձի վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին։ Վերջերս 28-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել էր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, իսկ մամուլում լուրեր էին տարածվել, թե նրա նոր տարեկան վարձատրությունը կկազմի վեց միլիոն եվրո։
«Ես երբեք չեմ փորձել հաշվել, թե որքան եմ ստանալու նոր պայմանագրով։ Այս թեմայի շուրջ միշտ շատ են խոսել և հաճախ չափազանցրել։ Իրական թվերը երբեք չեն հրապարակվել, բայց դա ազդում է մարդկանց ընկալման վրա։ Երբ կարդում են, թե ես Եվրոպայում ամենաբարձր վարձատրվող խաղացողների շարքում եմ, սկսում են ինձ այլ կերպ վերաբերվել։ Դրա մեջ լրագրողների մեղքի մասն էլ կա», — ասել է դե Յոնգը Marca-ին։
Հիշեցնենք, որ նիդեռլանդացի ֆուտբոլիստը Բարսելոնա է տեղափոխվել 2019 թվականին։ Տարբեր աղբյուրների տվյալներով՝ նրա նախորդ պայմանագրի շրջանակում աշխատավարձը տարեկան կազմում էր 20-ից 37 միլիոն եվրո։