«Միլանի» նախկին հարձակվող և ներկայիս սեփականատերերի խորհրդական Զլատան Իբրահիմովիչը գովաբանել է Լուկա Մոդրիչի ազդեցությունը թիմի վրա և նրա արժեքը թիմի համար։
«Լուկան ավելին է, քան պարզապես ֆուտբոլիստ։ Նա մարմնավորում է ֆուտբոլը։ Նա ֆուտբոլ չի խաղում, նա ֆուտբոլն է։ Մենք տարբեր ենք։ Նա առաջատար է խաղադաշտում, բայց դրանից դուրս՝ ավելի զուսպ։ Միևնույն ժամանակ, նրա փորձը այն տարրն էր, որը «Միլանին» պակասում էր։ Նույնիսկ եթե նրա վիճակագրությունը ակնառու չէ, նրա ազդեցությունը թիմի վրա հսկայական է։
Նա քսան տարի է, ինչ գտնվում է բարձրագույն մակարդակում։ Ոմանք փայլում են մի քանի մրցաշրջան, ապա անհետանում, մինչդեռ մյուսները տասնամյակներ շարունակ մնում են գագաթնակետին և դառնում չեմպիոններ, նույնիսկ եթե չեն նվաճում «Ոսկե գնդակը»։ Մոդրիչը նրանցից մեկն է, և նա այսօր մեզ հետ է», – Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Խորվաթը այս ամռանը միացել է «Միլանին» որպես ազատ գործակալ։ 40-ամյա Մոդրիչը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի վեց խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: