«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Կառլո Անչելոտտիի մասին, որի ղեկավարությամբ նա խաղացել է «Յուվենտուսում», ապա եղել է նրա օգնականը մադրիդյան ակումբում։
«Նա կարևոր դեմք էր իմ կարիերայում։ Նա լավ մարզիչ է, քանի որ լսում է իր ֆուտբոլիստներին։ Յուրաքանչյուր մարզիչ ունի իր առանձնահատկությունները, և դուք յուրաքանչյուրից ինչ-որ բան եք սովորում։ Կառլոն շատ է լսում իր ֆուտբոլիստներին։
Կարծում եմ՝ մարզչի համար ամենակարևորը ֆուտբոլի հանդեպ կիրքն է։ Նա պետք է ինչ-որ բան սերմանի իր ֆուտբոլիստների մեջ, տա նրանց այն ամենը, ինչ ունի ներսում։ Եթե դու կրքոտ ես, միշտ ինչ-որ բան փոխանցում ես ուրիշներին։ Մարզիչը շատ կարևոր է՝ նա թիմի 80%-ն է։ Եթե մարզիչը լուրջ է, ֆուտբոլիստներն էլ լուրջ են։
Դու պետք է դրական էներգիա ճառագայթես։ Ես փորձել եմ ֆուտբոլիստների մեջ բացարձակ վստահություն սերմանել։ Եվ մարզումների ժամանակ ես միշտ գնդակը նրանց էի տալիս, նույնիսկ ֆիզիկական պատրաստվածության ժամանակ։
Շատ ակնառու մարզիչներ կիսապաշտպաններ են եղել իրենց ֆուտբոլային կարիերայի ընթացքում։ Այո, որովհետև, օրինակ, դաշտի կենտրոնում ես կարող էի տեսնել ամեն ինչ և հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ես հավատում եմ, որ կիսապաշտպանությունը խաղի սիրտն է», – Զիդանի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։