Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը կարող է փոփոխվել

Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) նախատեսում է վերանայել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ձևաչափը, հաղորդում է Footmercato-ն՝ հղում անելով բրիտանական Daily Mail-ին։

Ըստ աղբյուրի՝ կազմակերպությունը չի պատրաստվում ավելացնել խաղերի քանակը, սակայն նպատակ ունի որակավորման փուլը դարձնել ավելի դիտարժան և գրավիչ երկրպագուների համար։

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Պորտուգալիայում կայացած իր ելույթի ընթացքում նշել է, որ քննարկվել են տարբեր ձևաչափեր։ Մասնավորապես, դիտարկվել է ընտրական փուլը անցկացնել Ազգերի լիգայի կամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նման համակարգով։

Կազմակերպությունը մտահոգված է, որ ակումբային մրցաշարերի դադարների ընթացքում հավաքականների խաղերը չեն վայելում բավարար հետաքրքրություն, և հենց այդ պատճառով ՈՒԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի հետ քննարկում է լուծումներ, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել ազգային առաջնությունների ընդհատումները։