ՈՒԵՖԱ-ն փնտրում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլն ավելի հետաքրքիր դարձնելու ուղիներ երկրպագուների համար

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ցանկանում է Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարն ավելի գրավիչ դարձնել երկրպագուների համար և քննարկում է ձևաչափի փոփոխության հարցը։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ այդ նպատակով ՈւԵՖԱ-ն կքննարկի որակավորման մի շարք այլընտրանքային տարբերակներ։

«Որակավորման ձևաչափը, հնարավոր է, տարբեր լինի։ Ավելի շատ խաղեր չեն լինի, բայց ձևաչափը կարող է ավելի գրավիչ լինել։ Մենք այժմ քննարկում ենք դա», – ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը՝ ելույթ ունենալով Պորտուգալիայի ֆուտբոլի գագաթնաժողովում։

Աղբյուրի տվյալներով՝ ՈւԵՖԱ-ն քննարկում է Եվրոպայի որակավորման մրցաշարի մի քանի այլընտրանքային մոդելներ, այդ թվում՝ Ազգերի Լիգայում և Չեմպիոնների Լիգայում օգտագործվող ձևաչափերը։

Ազգերի Լիգայի ձևաչափը ներառում է առաջխաղացման և դուրս մնալու համակարգ, մինչդեռ Չեմպիոնների Լիգան այժմ ներառում է ութ խաղ տարբեր մրցակիցների դեմ՝ ավանդական տնային և արտագնա խմբային փուլի փոխարեն։

Ներկայումս Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարը հետևում է խմբային փուլի ավանդական համակարգին։