«Ալ-Ահլին» և «Ռեալը» բանակցում են

Սաուդյան «Ալ-Ահլին» սկսել է ուղիղ բանակցություններ Մադրիդի «Ռեալի» հետ՝ Վինիսիուս Ժունիորի հնարավոր տրանսֆերի շուրջ, հայտնում է Indykalia News-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդական ակումբը պատրաստ է առաջարկել մոտ 300 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 345 միլիոն եվրո)՝ 25-ամյա բրազիլացի հարձակվողի տեղափոխության համար։ Գործարքը կարող է իրականանալ այն դեպքում, եթե Վինիսիուսը չհամաձայնի «Ռեալի» հետ երկարաձգել գործող պայմանագիրը, որը ավարտվում է 2027 թվականի հունիսի 30-ին։ Այդ պարագայում հնարավոր տրանսֆերը կկայանա 2026 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը մամուլը հաղորդում էր՝ Վինիսիուսը և մադրիդյան ակումբը դեռ չեն հասել համաձայնության նոր պայմանագրի մանրամասների շուրջ։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։